Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որը հանգեցնում է ծանր հուզական, ֆիզիկական և հոգեբանական հետևանքների։ Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է հասարակության մակարդակով խնդրի ճանաչումից և նման դեպքերին արձագանքելու մարդկանց պատրաստակամությունից: «Աստրա» հիմնադրամը ուղիներ է փնտրում այս տաբու թեմայի շուրջ բաց զրույց սկսելու Ֆորում թատրոնի մեթոդով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեխաների նկատմամբ սեռական բռնությունը սահմանում է հետևյալ կերպ՝ երեխայի ներգրավվածությունը սեռական բնույթի գործունեության մեջ, որը նա լիովին չի հասկանում, որի համար չի կարող տեղեկացված համաձայնություն տալ կամ որի համար երեխան ֆիզիկապես կամ հոգեբանորեն զարգացած չէ մասնակցելու համար: Այն կարող է դրսևորվել ինչպես ֆիզիկական կոնտակտի տեսքով (օրինակ՝ սեռական հարաբերություն, ինտիմ հպում), այնպես էլ առանց երեխայի մարմնի հետ շփման գործողությունների տեսքով (օրինակ՝ երեխային պոռնոգրաֆիայի ցուցադրում կամ դրա ստեղծման մեջ ներգրավվում): Այսօր՝ համացանցի համատարած օգտագործման դարաշրջանում, սեռական բռնության սպառնալիքը արդիական է դառնում յուրաքանչյուր երեխայի և դեռահասի համար, քանի որ համացանցը լայնորեն օգտագործվում է այդ հանցագործությունը կատարելու համար։ ԱՀԿ-ի գնահատականներով՝ յուրաքանչյուր 5-րդ աղջիկ և յուրաքանչյուր 13-րդ տղա այս կամ այն ձևով ենթարկվում է սեռական բռնության։ Այս ծանր հանցագործության զոհ են դառնում ցանկացած տարիքի երեխաներն ու դեռահասները՝ նախադպրոցական տարիքից մինչև 18 տարեկան՝ և՛ տղաները, և՛ աղջիկները:
Երեխաների նկատմամբ սեռական բռնության խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում։ Այնուամենայնիվ, այս խնդրի ճանաչումը և հասարակության վերաբերմունքը տարբերվում են՝ կախված սոցիալական նորմերից, հանրային իրազեկվածության աստիճանից և պետության կողմից ձեռնարկվող երեխաների պաշտպանության միջոցներից: Բռնության կանխարգելման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է այս խնդրի ճանաչումից և նման հանցագործություններին արձագանքելու մարդկանց պատրաստակամությունից։
«Աստրա» հիմնադրամում մենք ձգտում ենք երկխոսություն սկսել երեխաների սեռական բռնության մասին՝ մի թեմա, որի մասին Հայաստանում մարդիկ նախընտրում են լռել: Այդ պատճառով օգտագործում ենք ֆորում թատրոնի մեթոդը: Ֆորում թատրոնը թատերական պրակտիկաներից մեկն է, որը 1960-ականներին ստեղծել է Աուգուստո Բոալը՝ Բրազիլական Ճնշվածների թատրոնի ստեղծողը։ Այն ինտերակտիվ մեթոդ է, որտեղ հանդիսատեսը դառնում է գործողության ակտիվ մասնակից: Թատերախումբը ցույց է տալիս մի պատմություն, որը տեսանելի է դարձնում իրական կյանքի խնդիրը, և հանդիսատեսի առաջարկներն ազդում են այս պատմության սյուժեի և զարգացման վրա: Ֆորում թատրոնին մասնակցելուց հետո հանդիսատեսն իրեն ավելի տեղեկացված և վստահ է զգում, որ կարող է երեխաներին պաշտպանել բռնությունից: Մասնակիցները նաև լրացուցիչ տեղեկություններ և կոնտակտային տվյալներ են ստանում խնդրի մասին, որոնց կարող են դիմել, եթե անձամբ առնչվել են սեռական բռնության խնդրին:
Այդ մասին ոչ ոք չի խոսում, բայց մենք կսկսենք։ Միացե՛ք մեզ:
Ծրագիրն իրականացվում է Ignite Philanthropy հիմնադրամի աջակցությամբ