Ինտերնետում սեռական բռնությունը երեխաների ներգրավվածությունն է սեռական խոսակցությունների, ինտիմ լուսանկարների կամ տեսանյութերի փոխանակման մեջ: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի է տարբերակել սպառնալիքի նշանները և ինչ անել, եթե դեպքը տեղի է ունեցել, և երեխան ինտերնետում սեռական բռնության է ենթարկվել:
Ինտերնետում սեռական բռնությունը ներառում է մի շարք գործողություններ և իրավիճակներ, որոնք երեխային վտանգի են ենթարկում: Ամենից հաճախ դա դրսևորվում է հետևյալ կերպ․
● Երեխային ներքաշում են մեծահասակների սեռական գործողությունների մասին խոսակցությունների մեջ։
● Մեծահասակը երեխային մերկ կամ պոռնոգրաֆիկ պատկերներ է ուղարկում կամ տեսակապով մերկանում է:
● Երեխային խնդրում են դիտել պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր (նկարներ կամ տեսանյութեր):
● Երեխային կոչ են անում սեռական բնույթի գործողություններ կատարել, մերկանալ կամ կիսվել ինտիմ լուսանկարներով:
● Երեխաների մասնակցությամբ անպարկեշտ նկարներ են պատրաստում, ցուցադրում կամ տարածում։
Ամենից հաճախ ինտերնետում սեռական բռնությունը կապված է երեխաների նկատմամբ բռնի գործողություններ կատարող մեծահասակների հետ: Այնուամենայնիվ, այս բռնությունը երբեմն կարող է իրականացվել հասակակիցների կողմից, որոնք ստիպում են երեխաներին կիսվել բացահայտ լուսանկարներով կամ տեսանյութերով: Այս պատկերները կարող են ստեղծվել կամ տարածվել որպես կիբերհարձակման մաս:
Նշաններ, որոնք վկայում են, որ երեխան կարող է ինտերնետում սեռական բռնության զոհ դառնալ
Երեխաների համար շատ դժվար է խոսել սեռական բռնության մասին, հատկապես եթե դա տեղի է ունեցել առցանց։ Ոմանք կարող են չհասկանալ, որ իրենց շահագործում են: Եվ եթե նույնիսկ գիտակցեն, միևնույն է, կարող են ոչ ոքի չասել, հատկապես, եթե խախտել են ինչ-որ կանոն կամ վախենում են, որ որպես հետևանք նրանց կզրկեն ինտերնետ հասանելիությունից:
Եթե երեխան դառնում է առցանց բռնության թիրախ, նա կարող է նկատելիորեն ինքնամփոփ և գաղտնապահ դանալ։ Թեև իր ներաշխարհում փակվելու ցանկությունը հասունացմանն ուղեկցող երևույթ է, սակայն, եթե այն համակցվում է ուժեղ հուզական ռեակցիաների հետ, դա պետք է անհանգստություն առաջացնի: Ուսումնասիրեք որոշ նշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ ձեր երեխան ռիսկի գոտում է: Այս նշաններից մի քանիսը կարող են լինել նորմալ հասունացման մաս կամ պայմանավորված լինել այլ գործոններով, սակայն դրանց մասին տեղյակ լինելը կարող է օգնել ձեզ ժամանակին պաշտպանել երեխային:
Ուշադիր եղեք այն երեխաների նկատմամբ, ովքեր անում են հետևյալը՝
● Փակում են դուռը էլեկտրոնային սարքեր օգտագործելիս կամ թաքցնում են էկրանը, երբ սենյակ մարդ է մտնում։
● Ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում կամ սարքերի հետ:
● Հաճախ ինտերնետում են մինչև ուշ գիշեր, թեև նախկինում նման բան չեն արել։
● Շատ են կառչում հեռախոսից կամ այլ սարքերից և անհանգստանում են, եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել դրանք:
● «Նվերներ» են ստանում (օրինակ՝ զարդեր, նոր սարքեր, հագուստ կամ նույնիսկ գումար) և չեն ասում, թե ով է նրանց տվել այդ նվերները:
● Զգում են զայրույթի կամ գրգռվածության պոռթկումներ:
● Ինքնավնասումներ են հասցնում, այդ թվում՝ վերքերի տեսքով։
Տխուր են, վախ կամ տագնապ են զգում, երեխաների մոտ նկատվում է ավելի ցածր ինքնագնահատական։
● Փոփոխում են սնունդ ընդունելու կամ քնելու սովորությունները:
● Սկսում են ավելի վատ սովորել դպրոցում։
Ի՞նչ անել, եթե կասկածում եք, որ երեխան ենթարկվել է առցանց սեռական բռնության: Առաջարկություններ ծնողների համար․
1. Երեխայի հետ խոսեք ձեր մտահոգությունների մասին: Եթե նկատում եք նշաններ, որոնք հուշում են, որ երեխան կարող է ենթարկվել առցանց սեռական բռնության կամ շահագործման, կարևոր է նրա հետ անկեղծ զրուցել այդ մասին։ Բռնությունից տուժած երեխաները հաճախ մեղավորության և ամոթի զգացում են ունենում՝ համարելով, որ կատարվածի համար իրենք են մեղավոր։ Նրանք կարող են լռել՝ վախենալով, որ ծնողները կխլեն իրենց հեռախոսն ու համակարգիչը, եթե իմանան կատարվածի մասին։ Թող ձեր երեխան իմանա, որ այդ ամենի մասին խոսելը ճիշտ է, նույնիսկ եթե նա կարծում է, որ ինչ-որ բան սխալ է արել:
2. Մի՛ մեղադրեք երեխային։ Երեխայի հետ բացեիբաց քննարկեք նրա հետ կատարվածը, լսեք առանց դատելու և օգնեք նրան իրեն ապահով զգալ: Պետք է աջակցել երեխային, ցույց տալ, որ նրա կողքին եք։ Ձեր կողքին երեխան պետք է իրեն ապահով զգա:
3. Առցանց սեռական բռնությունը հանցագործություն է։ Այդ մասին պետք է տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Մենք հասկանում ենք, որ տեղի ունեցածի մասին խոսելը կարող է վախի և ամոթի զգացում առաջացնել, բայց քննիչները պետք է տեղեկացված լինեն ձեր պաշտպանությունը ապահովելու համար։
4. Մի՛ ջնջեք ապացույցները։ Հաճախ զոհերը փորձում են ջնջել լուսանկարները, տեսանյութերը և արգելափակել բռնարարին։ Այնուամենայնիվ, կարևոր է հնարավորինս շատ ապացույցներ պահպանել՝ նամակագրության սքրինշոթեր, լուսանկարներ, տեսանյութեր, մեկնաբանություններ, գրել հարձակվողի օգտահաշվի անունը, հեռախոսահամարը և այլ տվյալներ: Որքան շուտ օգնություն խնդրեք, այնքան ավելի մեծ կլինի մեղավորին գտնելու և պատժելու հավանականությունը:
5. Դիմեք քննչական կոմիտե և հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք։ Երեխայի հետ հարցազրույց կանցկացնեն քննիչը և հատուկ հոգեբանը:
6. Դիմեք ճգնաժամային հոգեկան առողջոևթյան պահպանմամբ զբաղվող կառույցների օգնությանը: Տրավման հաղթահարելու համար երեխան մասնագիտական աջակցության կարիք կունենա։ Եթե օգնության կարիք ունես հոդվածում կարող եք գտնել տեղեկատվություն այն կազմակերպությունների մասին, որոնք անվճար օգնություն են ցուցաբերում սեռական բռնության ենթարկված երեխաներին և նրանց ծնողներին, ապահովելով գործընթացի գաղտնիությունը։
7. Մի վախեցեք խոսել այդ մասին: Հաճախ զոհերը ցանկանում են թաքցնել տեղի ունեցածը և դրա մասին չխոսել ծնողների կամ ոստիկանության հետ: Հանցագործներն օգտվում են այս վախից՝ իրենց հանցագործությունները շարունակելու համար: Որքան ավելի վաղ ստանաք մասնագիտացված օգնություն, այնքան ավելի լավ պաշտպանված կլինեք:
8. Եթե ներգրավված են դասընկերները, օրինակ՝ լուսանկարը կամ տեսանյութը տեսել են, կամ ներգրավվել են բռնության մեջ՝ օգտագործելով երեխայի բացահայտ լուսանկարները, դիմեք դպրոց: Դասղեկը, սոցիալական ուսուցիչը, անչափահասների գործերով քննիչը այն մարդիկ են, ովքեր կօգնեն իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ, երեխաներին բացատրել կատարվածի մասին և խնդրել ջնջել նկարները։
9. Մի՛ պատժեք ձեր երեխային՝ զրկելով նրան հեռախոսից կամ ինտերնետից: Նման պատիժն անարդյունավետ է, այն կնվազեցնի վստահությունը ծնողների նկատմամբ և երեխայի մոտ կնվազեցնի ապագա խնդիրներով կիսվելու ցանկությունը: Փոխարենը, ձեր երեխայի հետ քննարկեք, թե ինչպես կարելի է անվտանգ օգտվել ինտերնետից և ինչպես արձագանքել սպառնալիքներին: Ձեր երեխայի սարքերում գաղտնիություն սահմանեք, սահմանափակեք մուտքը վտանգավոր կայքեր և հավելվածներ և բացատրեք այս միջոցների անհրաժեշտությունը: