Ինչպես զրուցել երեխայի հետ, եթե նրա նկատմամբ բռնության կասկածներ կան

Եթե ​​կասկածում եք, թե երեխան սեռական բռնության է ենթարկվում, ձեր աջակցությունը կարող է էական լինել: Պետք է, սակայն, գործել մտածված և նրբանկատորեն, որպեսզի չվնասեք երեխային և չավելացնեք նրա անհանգստությունն ու վախը: Եթե ​​պատրաստ եք հանգիստ զրույց վարել վստահության մթնոլորտում, հիշեք. երեխաները հաճախ նույնիսկ հարազատ մարդկանց չեն ուզում խոստովանել, որ իրենց նկատմամբ բռնություն է տեղի ունեցել: Նրանց վախեցնում է, որ իրենց կարող են չհավատալ, կամ որ բռնությունն իրենց մեղքով է տեղի ունեցել։

Երեխաները կարող են լռել բռնության մասին, բայց ուշադիր և նրբանկատ չափահասը կարող է նկատել անհանգստացնող նշաններ և ճիշտ ձևով վարել զրույցը: Ծնողների համար պետք է ահազանգ լինեն հետևյալ նշանները.

  • Վարքագծի կտրուկ փոփոխություններ  – ագրեսիայի պոռթկումներ, ներամփոփ վիճակ, անհանգստություն կամ դեպրեսիա:
    • Քնի և ախորժակի խանգարումներ – մղձավանջներ, անքնություն, ախորժակի կորուստ:
    • Անբացատրելի վախեր – երբ երեխան խուսափում է որոշակի մարդկանցից կամ վայրերից :
    • Առաջադիմության անկում – երբ երեխան հրաժարվում է դպրոց կամ խմբակ հաճախելուց, դասերի ընթացքում դժվարանում է կենտրոնանալ, սկսում է վատ գնահատականներ ստանալ:
  • Տարիքին անհամապատասխան գիտելիքներ կամ գործողություններ սեռական կյանքի և սեռերի միջև հարաբերությունների վերաբերյալ:
  1. Երեխային ուղղակիորեն հարցրեք բռնության մասին, եթե վստահ եք, որ կարող եք հանգիստ, առանց խանգարող զգացմունքայնության խոսել: Շատ երեխաներ սկզբում հերքում են ամեն ինչ: Սա չի նշանակում, որ երեխան ձեզ չի վստահում։ Պարզապես բռնարարը կարող է նրան համոզած լինել, թե իրեն չեն հավատա, կամ թե ամեն ինչի մեղավորը հենց երեխան է։ Բռնարարները հաճախ ներշնչում են երեխաներին, որ եթե «գաղտնիքը» բացահայտվի, դրա հետևանքները սարսափելի կլինեն:
  2. Զրուցեք հանգիստ, ուղիղ և բաց տեքստով: Կարևոր է լինել անկեղծ և ասել, թե կոնկրետ ինչ գիտեք և ինչից են ձեզ մոտ կասկածներ առաջացել: Մեծահասակները հաճախ զրույցը սկսում են հեռվից ու խոսում են ակնարկներով։ Սա կարող է շփոթեցնել երեխային և խանգարել անկեղծ խոսակցությանը:
  3.  Ցույց տվեք, որ կանգնած եք երեխայի կողքին։ Թող ձեր երեխան իմանա, որ դուք կհավատաք նրա յուրաքանչյուր խոսքին, որ նա կարող է ցանկացած պահի խոսել ձեզ հետ այս թեմայով: Կարող եք ասել․ «Ես հավատում եմ քեզ», «Շատ եմ ցավում, որ քեզ հետ այդպիսի բան է պատահել», «Դա քո մեղքը չէ», «Լավ է, որ դու ինձ ասացիր այդ մասին», «Ես կփորձեմ այնպես անել, որ քեզ այլևս նման վտանգ չսպառնա»:
  4. Հիմնական կանոնը՝ վստահել, ապրումակցել, աջակցել։ Ցանկացած մեղադրանք՝ ուղղակի կամ անուղղակի, կարող է վնասել՝ «Ինչո՞ւ գնացիր նրա հետ», «Ինչու՞ անմիջապես չասացիր», կասկածներ, բարոյախոսություններ, խրատական դասախոսություններ՝ «Բա որ ասում էի…», «Ի՞նչ է, չգիտեի՞ր…»: Նման ձևով խոսելը չի ​​նպաստում անկեղծ խոսակցությանը և վիրավորում է երեխային:

5.  Եթե անգամ ձեր կասկածները չհաստատվեն, ազնիվ ու անկեղծ զրույցից վնաս չկա։ Ընդհակառակը, նման զրույցն ամեն դեպքում օգտակար է, քանի որ դրա ընթացքում կարելի է երեխայի հետ քննարկել անվտանգությանն առնչվող տարբեր հարցեր։ Իրական վտանգի դեպքում երեխան կիմանա, որ ձեզ հետ նման խոսակցություն հնարավոր է, և չի վարանի դիմել ձեզ։

6.  Եթե վստահ եք կամ կասկածում եք, որ երեխան ենթարկվել է սեռական բռնության, մեկուսացրեք նրան ենթադրյալ բռնարարից, ապահովեք երեխայի անվտանգությունը և հոգեբանական աջակցություն տրամադրելու համար քայլեր ձեռնարկեք:

7. Մի՛ փորձեք ինքնուրույն լուծել խնդիրը։ Դիմեք մասնագետի օգնությանը և պաշտպանությանը: Մի՛ բանակցեք ենթադրյալ բռնարարի հետ, դա կարող է միայն լրջացնել իրավիճակը:

8.  Տեղեկացեք, թե ինչ ծառայություններ կարող են օգտակար լինել։ Այդ մասին կարող եք իմանալ մեր կայքի նյութերից: Դուք մենակ չեք, իսկ երեխան չպետք է միայնակ մնա՝ իր անախորժություններին դեմ հանդիման։

Other publications:

Բաժանորդագրվե՛ք տեղեկագրին:

Ստացեք նոր հրապարակումներ, միջոցառումների և ուսուցման մասին անոնսներ Ձեր էլ. հասցեին:

Մենք օգտագործում ենք թխուկներ և թրաֆիկի վերլուծություն՝ մեր կայքի և հասանելի ծառայությունների աշխատանքը բարելավելու համար: